Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը
Սպիտակ տունը հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության երկարաձգման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, կշարունակի գործել մինչև 2025 թվականի փետրվարի 18-ը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են բանակցություններ սկսել այն լիբանանցիների վերադարձի շուրջ, որոնց գերեվարել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գրասենյակը հաստատել է, որ համաձայնագիրը կգործի մինչև փետրվարի 18-ը:
2024 թվականի նոյեմբերին իսրայելցի զինվորականները և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը դադարեցրել են ռազմական գործողությունները՝ կնքելով հրադադարի համաձայնագիր, ըստ որի իսրայելական բանակը փուլ առ փուլ կհեռանա Լիբանանի տարածքից և երկրի հարավում իր դիրքերը լիբանանցի զինվորականներին կհանձնի մինչև հունվարի 26-ը։
Սակայն Իսրայելի կառավարությունում հայտարարել են, որ այդ գործընթացն ավելի երկար կտևի, քան ենթադրվում էր: Իսրայելի իշխանությունները բացատրել են, որ ըստ իրենց՝ Լիբանանը դեռ չի կատարել իր բոլոր պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում, ուստի զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից չի հաջողվել ժամանակին ավարտել: