Թրամփը կասեցրել է Կոլումբիայի նկատմամբ մաքսատուրքերը միգրանտների ընդունման շուրջ համաձայնության հասնելուց հետո
Սպիտակ տունը հայտարարել է, որ Կոլումբիան համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած բոլոր պայմաններին, այդ թվում՝ ներգաղթյալների «անսահմանափակ ընդունմանը», հետևաբար, ԱՄՆ-ն Կոլումբիայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրք չի սահմանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 26-ին հայտարարել էր, որ Կոլումբիայի իշխանությունները հավանություն են տվել, որ միգրանտների վերադարձնող երկու ռազմական ինքնաթիռները մեկնեն երկիր, սակայն երբ ինքնաթիռներն արդեն ճանապարհին են եղել, այդ թույլտվությունը չեղարկվել է։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թույլ չէր տվել, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները վայրէջք կատարեն երկրում՝ նշելով, որ ԱՄՆ-ն «չի կարող կոլումբիացի միգրանտներին վերաբերվել, ինչպես հանցագործների»։
Բոգոտայի այս քայլից հետո Թրամփը կարգադրել էր 25% մաքսատուրքեր սահմանել Կոլումբիայից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ մեկ շաբաթվա ընթացքում դրանք հասցնել մինչև 50%-ի։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարգադրել էր ԱՄՆ ուղևորությունների արգելք սահմանել Կոլումբիայի քաղաքացիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում գտնվող կոլումբիացի պաշտոնյաների վիզաները՝ չեղարկել։
ԱՄՆ-ի այս հայտարարությունից ժամեր անց Պետրոն սպառնացել էր պատասխան 25% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Պետրոն հայտարարել էր, որ դեմ է այն բանին, որ կոլումբիացի միգրանտները երկիր վերադարձվեն ռազմական ինքնաթիռներով։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունվարի 26-ի երեկոյան հայտարարել է, որ կողմերը եկել են համաձայնության, որ Կոլումբիան համաձայնել է միգրանտների «անսահմանափակ ընդունմանը» և թույլ կտա, որ ԱՄՆ-ն արտաքսված միգրանտներին երկիր վերադարձնի «այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների կամ հետաձգումների»։
Լևիթը հավելել է, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր կամ տնտեսական սահմանափակումներ չի կիրառի, եթե Կոլումբիան հարգի ձեռք բերված համաձայնությունը։
ԱՄՆ-ի հայտարարությունից րոպեներ անց Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Խիլբերտո Մուրիյոն նույնպես հաստատել է, որ ԱՄՆ-ից ներգաղթյալներին արտաքսող թռիչքները վերսկսվել են։