ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոմեքենայում պայթյունից
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հունվարի 27-ին՝ ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. կա տուժած։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Կորյունի փողոցում Chevrolet մակնիշի ավտոմեքենայում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են հեղուկ գազի բալոնի փականը, ձևախախտվել ավտոմեքենայի բեռնախցիկը, դռները և կոտրվել ապակիները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը»,- ասված է հաղորդագրությունում։