Նոր ավտոբուսներն ավելի գումար արժեն․ դրանց սպասարկումն էապես տարբերվում է հին համակարգի սպասարկումից․ Ավինյան
Պետք է հասնենք նրան, որ կանգառ դուրս գալիս պարտադիր չլինի՝ մեր ավտոբուսին սպասենք: Կարող ենք առաջին եկած ավտոբուսն այդ ուղղությամբ նստել, ապա մի քանի կանգառ հետո մեկ այլ ավտոբուս նստել և հասնել տեղ շատ ավելի արագ: Այսինքն՝ միասնական տրասնպորտային համակարգի տրամաբանությունը այս մասին է, որ կարելի է օգտագործել մի քանի ավտոբուս, մետրո, տրոլեյբուս, և հասնել մի տեղ ավելի արագ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բայց մեր քաղաքական ընդդիմախոսները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ: Կներեք այս արտահայտությանս համար, բայց ես ուրիշ տերմին չունեմ: Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում: Նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ են անում: Նրանք հասկանում են, թե ինչ են առաջարկում մարդանց. նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ կոպեկը չի ծառայում տրանսպորտային համակարգին, չի դառնում 45 հատ տրոլեյբուս, որ նախատեսվում է գնել այս տարի:
«Նոր ավտոբուսներն ավելի գումար արժեն, այսինքն՝ դրանց սպասարկումն էապես տարբերվում է հին համակարգի սպասարկումից, և բոլոր այն մարդիկ, որոնք ասում են, որ նույն գումարով այս համակարգերը հնարավոր է պահել, նրանք ուղղակի սուտ են խոսում, գիտակցաբար սուտ են խոսում»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, հանձնարարեց լուծումներ առաջարկել, որոնք մարդկանց ընկալման տեսանկյունից ընդունելի կլինեն:
«Առաջարկում եմ հետևյալը. մենք պետք է ամենանվազագույն տարբերակները գտնենք, մեր «Հանրապետություն» [խմբակցության] գործընկերների հետ քննարկենք, այսինքն՝ նույն միասնական տոմսային համակարգի փուլային համակարգի տրամաբանության ներդրմամբ...
Մենք պետք է այն լուծումներն առաջարկենք, որոնք մարդկանց ընկալման տեսանկյունից ընդունելի կլինեն, բայց չպիտի շեղվենք միասնական տոմսային համակարգի ներդրման ճանապարհից գեթ 1 սանտիմետր...
Կներեք, բայց թմրամիջոցի վերադարձ ավտոբուսներ ես չեմ ընդունի: Անընդունելի է, չի կարող նորից կոպեկի շրջանառություն սկսվել: Չի կարող այդ կաշառակերությունը նորից վերադառնա համակարգ»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ համակարգի ներդրման մասով հանրության շրջանում թերիրազեկվածություն կա, բայց կան նաև դեպքեր, որոնց մասով կարծում է՝ «որոշակի մեղմացումներ կարող ենք մեզ թույլ տալ»: