Երևանում հայտնաբերվել և ձերբակալվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ գողացողները
Հունվարի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 52-ամյա Վահրամ Մ․-ն և հայտնել, որ Մոսկովյան փողոցի 15 հասցեում գողացել են իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և ևս մի քանի ավտոմեքենաներից փորձել են կատարել գողություն, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ն նախնական համաձայնության գալով Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Մ․-ի հետ, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 15 հասցեից և հարակից հասցեներում կայանված ավտոմեքենաներից մասնավորապես «Kia» մակնիշի ավտոմեքենայի երկու հայելիների ապակիները, «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելու ապակին և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելու ապակին, իսկ աջ կողային հայելու ապակին վնասել են:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Մոսկովյան փողոցի 15 հասցեի մոտից ավտոմեքենաների կողային հայելիները գողանալու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել Գևորգ Մ․-ին և Անդրանիկ Մ․-ին:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։