Մի անգամ հիասթափեցնողը երկրորդ անգամ էլ կհիասթափեցնի․ Տակտարովը՝ Ծառուկյանի մասին
MMA-ի վետերան Օլեգ Տակտարովը քննադատել է հայ մարտիկ Արման Ծառուկյանին՝ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտը չեղարկելու համար։
«Ծառուկյանին երկար ժամանակ թույլ չեն տա տիտղոսային մենամարտ ունենալ։ Նա հիասթափեցրել է։ Երբ ինչ-որ մեկը ձեզ հիասթափեցնում է, դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում։
Մի անգամ հիասթափեցրեց՝ նշանակում է, որ երկրորդ անգամ էլ կարող է հիասթափեցնել։ Մարդկանց չհիասթափեցնելու համար ես կոտրված ձեռքով եմ դուրս եկել մենամարտի։ Ոչ մեկին չէր հուզում իմ վնասվածքն ու թունավորումը։ Բացի այդ, իմաստ էլ չունի արդարանալ այն դեպքում, եթե վատ ես հանդես եկել»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Տակտարովը սոցիալական ցանցում իր էջի ուղիղ եթերի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը պետք է հանդիպեր Մախաչևի հետ UFC 311 շոուի գլխավոր իրադարձության շրջանակներում, սակայն կշռումից մի քանի ժամ առաջ հրաժարվեց մենամարտից՝ պատճառաբանելով մեջքի վնասվածքը։ Ավելի ուշ Արմանը հայտարարեց, որ այդ օրը չէր կարող նույնիսկ շարժվել։ Արդյունքում Մախաչևի մրցակից դարձավ տասներորդ հորիզոնականը զբաղեցնող Ռենատո Մոյկանոն, որին նա հաղթեց արդեն առաջին ռաունդում։