Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին հարցաքննությունների ժամանակ տրվում են հոգեմետ նյութեր:
«Հայաստանի վարչապետի մեղադրանքները, որ հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով, բոլորովին անհիմն են և ծիծաղելի։ Մեղադրյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովվել և պարզաբանվել են, իսկ բոլոր դատական նիստերն ու դիմումները արձանագրվել են: Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները հետաքննվել են անկախ կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, պարզվել է, որ դրանք կեղծ են», — հավելել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաքվում պահվող հայերին արգելված հոգեմետ նյութեր են տալիս․ «Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։