Երևանում ոչ սթափ վարորդը «Toyota»-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենաների
Այսօր՝ հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Hyundai Sonata», «Honda», «Nissan Tiida», «Nissan Tiida», «Nissan Altima», «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Combo»-ից գազի արտահոսք է սկսվել։
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազաբալոնի պարպվելը։
Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։