Խոսք եմ տվել, որ «ԳԱԶել»-ները դուրս կգան քաղաքից, դուրս են եկել․ ՀՀ վարչապետ
«Ես կողմ եմ, որ Երևանն ունենա տրանսպորտ, որ ունենա ոչ միայն այսօր, այլև 5, 10, 15 տարի հետո»,- անդրադառնալով տրանսպորտային համակարգի բարեփոխումներին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երևանը ժամանակին ունեցել է տրանսպորտային համակարգ՝ մետրո, տրոլեյբուս, ավտոբուս, այն մինչև վերջերս չի եղել, որովհետև դրա կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության կամ հարատևության գաղափար կամ բանաձև չի դրվել, ասվել է՝ կա տրանսպորտ, եկեք էնքան քշենք, մինչև կմաշվի, մինչև անշարժություն, դրանից հետո արդեն «ԳԱԶել» կլինի, «ԵՐԱԶ» կլինի, մեր գործը չի»,- ասաց նա։
Վարչապետը նշեց՝ կողմ է, որ Երևանում լինի տրանսպորտ, Հայաստանում լինի տրանսպորտ, քանի որ այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր կա․ մարդիկ չեն կարողանում գյուղերից տեղաշարժվել, միակ տարբերակը տաքսիներն են։
«Ես խոսք եմ տվել, որ «ԳԱԶել»-ները դուրս կգան քաղաքից, դուրս են եկել, այսօր «ԳԱԶել» չկա քաղաքում, բայց տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, փոխվի, հիմա էլ մետրոն ենք մաշացնում, մինչև երբ պետք է մաշացնենք։ Բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք 5 տարում կմաշենք, հետո ինչ կլինի, կլինի, ես համաձայն չեմ այս տրամաբանությանը»,- ասաց վարչապետը։
Արձագանքելով դիտարկմանը, թե բարեփոխումները միանգամից են կյանքի կոչվում, վարչապետը շեշտեց՝ սրանք շատ երկար քննարկված բարեփոխումներ են, հիմա իրագործման փուլն է եկել։