«Կարող եք տեսազանգով խոսել ձեր ծանոթի հետ, բայց պարզվի՝ ինքը չէր». մեդիափորձագետը՝ համացանցային խաբեությունների մասին
«Դուք կարող եք տեսազանգով խոսել ձեր ծանոթի հետ, բայց պարզվի, որ ինքը չէր»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով այն մասին, որ համացանցում խաբեությամբ գումար շորթելու դեպքերը ավելացել են, և հավելեց, որ արհեստական բանականության շնորհիվ ավելի հեշտ է դարձել մարդկանց մոլորեցնելը։
«Օրինակ, Կամբոջայում, տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ այս բիզնեսի մեջ են։ Այն անպատժելի է, կարելի է ասել՝ պարագլուխները գրեթե երբեք չեն բացահայտվում։ Խոսքը ահռելի գումարների մասին է գնում, արդեն կարելի է թմրադեղերի վաճառքի հետ համեմատել»,–նշեց նա։
Մեդիափորձագետը ներկայացրեց, թե վերջին շրջանում որոնք են համացանցի միջոցով խաբեությամբ գումար շորթելու տարածված տարբերակները։
«Զանգում են, ասում են հիվանդանոց եմ ընկել, գումար ուղարկիր։ Կամ, երբ զանգում են ու ասում՝ մեզ մոտ կրիպտոարժույթով ռոբոտներ են աշխատում, գերշահույթ են ստանում, դու ուղղակի գումարը դիր, մենք կտրամադրենք»,–նշեց մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, պետք է կասկածամտությամբ մոտենալ ցանկացած օնլայն առաջարկի՝ անկախ նրանից խոսքը գրավիչ աշխատանքի մասին է, թե ներդրումային առաջարկի։
«Եթե ձեզ օրինակ, ասում են՝ սա ներդրումային կայք է, կարելի է google–ով որոնել դրա մասին տեղեկություն, ստուգել՝ այդ կայքի մասին որևէ բան գրու՞մ են, թե ոչ»,–խորհուրդ տվեց մեդիափորձագետը։