Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել
MediaHub-ին Տավուշի մարզից այսօր փոխանցել էին, որ Տավուշում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել։
Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ լուրն իրեն փոխանցել են զինվորականները` նշելով, որ սակրավորը վիրավորում է ստացել Տավուշի մարզից թշնամուն տարածքներ զիջելու նպատակով ականազերծում կատարելու ժամանակ։
Լուրի իսկությունը պարզելու համար մենք կապ հաստատեցինք Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հետ։
«Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»,- MediaHub-ին ասաց Արամ Թորոսյանը։
Տավուշի մարզից ասացին, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում սահմանազատման-սահմանագծման գործընթացի համար նախապատրաստական որոշակի աշխատանքներ են տարվում Բաղանիս, Ոսկեպար գյուղերի ուղղությամբ։
Ի դեպ, նշենք, որ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ևս այս տեղեկություններից էր խոսել, որ ստանում է Տավուշի մարզից: Նա, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ Տավուշում արդեն այս գործընթացը մեկնարկել է, սակայն Գրիգորյանն այնպիսի պատասխան տվեց, որից ոչ մեկ ոչինչ չհասկացավ.
«Ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, դրանք ինչ տեսք են ստանում եւ ինչպես են մտնում ուժի մեջ։ Այս շրջանակներում, կարծում եմ, կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- արձագանքել էր Մհեր Գրիգորյանը։