Պետությունն ու Եկեղեցին չպետք է խառնվեն միմյանց գործերի մեջ. ՀՀ վարչապետ
Պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու գործերի մեջ, Եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերի մեջ: Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում մի խումբ հայ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով պետության և Եկեղեցու հարաբերությունների վերաբերյալ հարցին:
Վարչապետի կարծիքով՝ պետության և Եկեղեցու հարաբերությունները, չհաշված մի շարք նրբություններ, այնպիսին են՝ ինչպիսին պետք է լինեն:
«Պետությունը չպետք է խառնվի Եկեղեցու գործերի մեջ, Եկեղեցին էլ պետք է չխառնվի պետության գործերի մեջ»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքը դժվար է պատկերացնել:
Վարչապետը նշեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո շատերն իրենից պահանջել են, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր կաթողիկոս:
«Ես հրապարակային ևս ասել եմ՝ Կառավարության ինչ գործն է, թե կաթողիկոսն ով պետք է լինի, որովհետև կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց կաթողիկոսն է: Իմ ի՞նչ գործն է: Չնայած՝ բոլորը կասկածում էին, որ այն դրսևորումները, որոնք կային, իբր մենք ենք հրահրում, մենք ենք կազմակերպում: Բայց դա իրականություն չէ: Եթե մենք կազմակերպած լինեինք, կարծում եմ, որ բոլորդ համոզված եք, որ 2018–ին, շատ արագ արդյունքի կհասնեինք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա իրենց իշխանության օրակարգի մաս չի եղել:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ սփյուռքի մի ներկայացուցիչ հանդիպմանը հարց է բարձրացրել, թե ինչ խնդիր կա Կառավարության ու Եկեղեցու հարաբերությունների մեջ:
«Ես ասացի՝ իմ կարծիքով, եկեղեցին պետք է լինի թափանցիկ: Բոլորը Կառավարությունից պահանջում են թափանցիկություն: Եվ մենք համաձայն ենք դրա հետ: Հիմա ասում ենք՝ ոչ միայն մենք, այլ նաև մեր բարեկամները, հարազատները, նույնիսկ նրանք, որոնք կյանքում մեզ մի անգամ բարև են տվել՝ պետք է լինեն թափանցիկ (խմբ.– վարչապետը նկատի ունի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը): Իսկ եկեղեցին ինչո՞ւ չպետք է լինի թափանցիկ»,–հարցրեց Փաշինյանը:
Նա հավելեց՝ օրենք է՝ երբ ինչ-որ բան վաճառում են, պետք է տան ՀԴՄ կտրոն:
«Հարց է՝ իսկ, եթե վաճառում ես մոմ, ինչո՞ւ չպետք է տաս ՀԴՄ կտրոն: Ասում են՝ Եկեղեցին ուզում եք հարկե՞լ: Ասում ենք՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում հարկային օրենսդրությունը գործի: Բայց մենք պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում: Ավելին, եթե պարզվի, որ լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք Եկեղեցու բնականոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովելու համար, կմտածենք լրացուցիչ ֆինանսավորում ունենալու մասին ևս»,–նշեց վարչապետը: