Ինչ-որ անձանց ստատուսները համեմել են քաղաքական երանգներով ու ստացել զեկույց. Ղևոնդյան
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը։ Սա այս անհասկանալի կառույցի առաջին զեկույցն է:
Ինչի՞ մասին է այն և արդյո՞ք անաչառորեն ներկայացնում է այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են տարածաշրջանում և ուղիղ կամ անուղղակի ազդեցություն կարող են ունենալ մեր պետության վրա։ Այս և այլ հարցերի մասին MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։
«Այս ենթադրելի կառույցի բնույթը թույլ չի տալիս քաղաքական ուղղվածության զեկույց ներկայացնել, սակայն, այստեղ կարմիր գծով հստակ քաղաքական բովանդակություն էր ներկայացված։ Մտահոգիչ է, որ քաղաքական հստակ ուղղվածություն կա․ Հայաստանին սպառնացող հնարավոր ռիսկերի գնահատման ժամանակ անընդհատ խոսվում է Ռուսաստանի և Իրանի մասին։ Այսինքն՝ զեկույցում ՌԴ-ի և Իրանի դեմ թեզեր են ամբողջապես ներկայացված։ Անգամ ոլորտի հետ կապ չունեցող մարդը միանգամից հասկանում է, որ սա քաղաքական զեկույց է»,- նշեց նա։
Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ՝ պետական անվտանգության հետ կապված զեկույցներն ուղղակի իրավունք չունեն քաղաքականացված լինելու, բայց դա, ինչպես երևում է, Հայաստանին չի վերաբերում։
«Առանցքային թեզ կա այստեղ․ ցանկացած անվտանգային գործընթաց հիմնավորվում է խաչմերուկային տրամաբանությամբ։ Այսինքն՝ ամեն տեղ դիտարկվում են ռիսկերը, որ կարող են լինել, և ասվում է՝ այդ ռիսկերից խուսափելու տարբերակը կարող է լինել «խաղաղության խաչմերուկը»։ Տպավորություն է, որ այս զեկույցը համապատասխանեցրել են այդ «խաղաղության խաչմերուկի» բերած թեզերին»,- ասաց քաղաքագետը։
Թերացումներն ու հակասությունները այսքանով չեն ավարտվում, զեկույցույմ ներկայացված ձևակերպումները հաճախ աբսուրդային են։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու առկա ռիսկերը ներկայացնելիս, զեկույցում ասվում է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները որ իրականացվեն, խնդիր չի լինի։ Այսինքն՝ այն խոսույթն է, որ եթե Կիրանցում «ստոլբա» դրվեց, դա անվտանգության ամենակայուն միավորն է դառնալու։ Այս ամենը քաղաքական տհասության, քաղաքական պատվիրակվածության, երկրորդ, երրորդ երկրների շահերի սպասարկման դրսևորում է։ Ո՞նց կարող է այսպիսի կարևորագույն կառույցի զեկույցում նման քաղաքական պատվիրակված թեզ հնչեցվել»,- նշեց Ալեն Ղևոնդյանը։
Կառուցվածքային առումով ևս, զեկույցը, ըստ քաղաքագետի, թերի է։
«Սկզբում ներածության բաժինն է, որտեղ սկսում են արտաքին քաղաքական կոնտեքստում վերլուծություններ իրականացնել։ Սակայն, այսպիսի փաստաթղթերը պիտի հստակ դասակարգում ունենան, իսկ այստեղ ամեն ինչ խառը ներկայացված է՝ Մերձավոր Արևելքն ու տարածաշրջանը մի բաժնում են տեղակայել։ Տպավորություն է, որ իրենց բազային փաստաթղթի ամփոփիչ հատվածները մեկտեղել ու ստեղծել են զեկույցանման մի բան, որն իրականում շատ հում է»,- նկատեց նա։
Ռազմաքաղաքական բլոկում էլ ՀԱՊԿ-ի հետ է գրեթե ամեն ինչ կապվում։
«Այստեղ, իհարկե, օբյեկտիվության որոշակի տարրեր կան։ Բայց հետաքրքիր է, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելուց հետո միանգամից անդրադարձ է կատարվում տարածաշրջանում զինման էլեմենտներին։ Այսինքն՝ «խաղաղության խաչմերուկի» մասին խոսելիս հարմար չեն գտել նշել, որ Ադրբեջանը վերջին երեք տարում մի քանի անգամ ավելի շատ է զինվել, քան Հայաստանը, բայց ՀԱՊԿ-ին վերաբերող հատվածի մասում բերել ու մտցրել են այս էլեմենտը։ Եվ ՀԱՊԿ-ի մասով խոսում են, բայց ռիսկ չեն տեսնում ՆԱՏՕ-ի հետ կապված։ Կարծես մոռացել են, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ պետություն է։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ից ոչ մի վտանգ չի տեսնո՞ւմ արտաքին հետախուզության ծառայությունը»,- նշեց Ղևոնդյանը։
Բացի այդ, քաղաքագետը նկատեց՝ այս զեկույցում կան հստակ պնդումներ, այսինքն՝ մի գործընթացի մասին բոլոր հնարավոր սցենարները ներկայացվում են ու պնդումներ են ներկայացվում, սակայն այսպիսի դրսևորումներ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում չպետք է լինեն։ Փոխարենը պետք է լինի հստակ ռիսկերի գնահատում, օրինակ, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, ի՞նչ է լինելու։
«Եթե ամփոփելու լինենք, ապա կարող ենք ասել, որ վերցրել են ինչ-որ անձանց որոշակի պարբերականությամբ գրած ստատուսներ, դրան ավելացրել քաղաքական երանգներ, կառավարչական ձևակերպումներ ու ստացել այս զեկույցը»,- ամփոփեց խոսքն Ալեն Ղևոնդյանը։