Կարևոր է, որ միասին աշխատենք, որպեսզի ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն. Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել նորարարությունների սահմանները:
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ 15 ավագ դպրոցներում հաջողությամբ փորձարկվում է ԱԲ կրթական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 600 աշակերտ: Այս ծրագիրը, որը մշակվել է մեր երկրում, ճանաչվել է միջազգային մակարդակում, և մենք հպարտ ենք, որ այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտներին: Մենք նպատակ ունենք մինչև 2026 թվականը ծրագրի շահառու դարձնել աշակերտների 80%-ին, ինչը կնպաստի մեր երիտասարդների մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը:
Բարձրագույն կրթության ոլորտում` Երևանի պետական համալսարանում, գործում է արհեստական բանականության լաբորատորիա, որտեղ իրականացվում են նորարարական և կիրառական հետազոտություններ: Պետական բյուջեից հատկացված 8.6 մլրդ դրամը, այդ թվում՝ ԵՊՀ-ում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման համար, հնարավորություն կտա մեր գիտնականներին և ուսանողներին աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով ու միջոցներով:
Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ մենք միասին աշխատենք կրթության, գիտության և նորարարության ոլորտներում, որպեսզի մեր երկրում ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն:
Վստահ եմ, որ արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել այդ ճանապարհին։ Միաժամանակ, ինչպես տեխնոլոգիական զարգացման մյուս դեպքերում, արժեքային կրթությունը դառնում է առանցքային՝ ստեղծված հնարավորությունները հանրային զարգացմանն ի նպաստ օգտագործելու և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Սա էլ է կրթության համակարգի խնդիրը, որ պիտի լուծենք՝ գիտելիքն ու հմտությունը փոխանցելուն զուգընթաց»։