Կառավարությունն առաջարկում է բարձրացնել բնապահպանության ոլորտում խախտումների համար տուգանքները
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտումների համար նախատեսված տուգանքների չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծերի նպատակն է նվազեցնել ապօրինի ծառահատումների, ձկնորսության և այլ բնապահպանական խախտումների քանակը՝ խստացնելով պատասխանատվության միջոցները: Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող պատժամիջոցները բավարար չեն իրավախախտումների կանխման համար, ինչը բերում է շրջակա միջավայրին զգալի վնասների։
Օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է խստացնել ապօրինի ծառահատումների, որսի և ձկնորսության, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը։ Տուգանքները նախատեսված են նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ տուգանքների և պատիժների ավելի խիստ սանդղակով։
Արժեքավոր կամ հազվագյուտ ծառատեսակների ապօրինի հատման համար, եթե նմանատիպ խախտումը կրկնվել է վարչական տույժի կիրառման հաջորդ տարվա ընթացքում, նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ ներառյալ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակում կամ ազատազրկում։
2022-2024 թվականներին արձանագրվել է շուրջ 1200 ապօրինի ծառահատման դեպք, որոնց հետևանքով հատվել է ավելի քան 30,000 ծառ։ Ապօրինի ձկնորսության և խեցգետնորսության մասով արձանագրվել են հարյուրավոր դեպքեր՝ մեծ թվով որսված ձկներով և առգրավված միջոցներով։
Նախագծերը հիմնված են միջազգային փորձի ուսումնասիրության վրա։ Ֆինլանդիայում և Շվեդիայում շրջակա միջավայրի դեմ կատարված խախտումները հաճախ քրեականացվում են՝ անկախ պատճառված վնասի չափերից, և պատժվում են մինչև երկու տարվա ազատազրկմամբ։
Նախագծերի ընդունումը կբարձրացնի բնապահպանական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը և կնվազեցնի շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Միջոցառումների խստացումը նաև նպատակ ունի խթանել անտառների վերականգնումն ու բնության պահպանությունը։