20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին
Երևանում տրանսպորտի համակարգը պետք է կայանա և պետությունն ամեն բան արել է ու անելու է այն կայացնելու համար, իսկ ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է և ամեն ինչ լավ հասկանում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման հարցին:
«Հիմա ասեմ, կասեն կոպիտ խոսեց կամ չարժեր ասել:
Հիմա, որ մի քանի նորաթուխ արդարության մարտիկներ են հայտնվել, եկել են, ինձ թեգ են անում գրեթե 20 տարի առաջ իմ մասնակցությամբ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի տեսանյութի կամ լուսանկարի վրա, մեկը հարցնի, ասի՝ բա էն ժամանակ, որ իրականում խնդիր կար, Սերժ Սարգսյան կար, իշխանավորին մոտիկից տեսնել չկար ու շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար, ո՞ւր էիք, հը՞ն, հիմա, արի ու տես, եկել են: Էն ժամանակ հարմար չէր, չէին եկել:
Կամ ձեզ թվում է մարդիկ չեն հասկանո՞ւմ, որ 20 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը:
Լավ, էն մի հոգավորը, որ դա անում է, պարզ է, քաղաքական հեռակա նպատակ է հետապնդում, կամ շատ մարդիկ այսօրվա իշխանության դեմ ինչ էլ անեն, առաջին գծում ամենաբարձրն են բղավելու, միայն բղավեն մեր դեմ:
Երևանում տրանսպորտի համակարգը պետք է կայանա և պետությունն ամեն բան արել է ու անելու է այն կայացնելու համար, իսկ ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է և ամեն ինչ լավ հասկանում է:
Հ.Գ. Հետաքրքիր է, ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնո ներկայացումների դեմ: Ասենք պահանջենք, որ 20.000 դրամանոց մոնո ներկայացումը դառնա 100 դրամ, իսկ տափակ ծամածռություններովը՝ 50 դրամ: Չնայած արդեն երևի 50 դրամով էլ մարդ չի գնա»: