Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 2025 թ. չեմպիոններ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ կանանց պայքարում՝ միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ռոբերտ Հովհաննիսյանն առաջնության 9 խաղափուլերում չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 6,5 միավոր։ Հովհաննիսյանը կարիերայում երրորդ անգամ է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։
Բենիկ Ագասարովը և Սարգիս Սարգսյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնության շրջանակում լրացրել են միջազգային վարպետի նորմա: Բենիկը նորման լրացրել է երրորդ անգամ, իսկ Սարգիսը՝ առաջին:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են նաև գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը չորրորդ անգամ է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Գաբոյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և չի կրել ոչ մի պարտություն։ Նա չեմպիոն էր դարձել նաև 2015, 2021 ու 2024 թվականներին։
Կանանց պայքարում 6,5 միավորով երկրորդ տեղը գրավել է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 6 միավորով: Միլենա Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը նույնպես վաստակել են 6-ական միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ և 5-րդ հորիզոնականները:
Կանանց առաջնությանը մասնակցել են նաև Պոլինա Կոբակը, Մելինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը և Լիլիա Դանիելյանը:
Առաջնության արդյունքներով Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը ստացել են Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք: