Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել. Թագուհի Ղազարյան
Պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկվանից տարածվող լուրերին, թե Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը, և նշել է, որ դա ապատեղեկատվություն է:
«Երեկվանից տարբեր լրատվականներ ապատեղեկատվություն են տարածում՝ իբրև թե Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը։ Մինչդեռ իրականում օրենքը, որին կողմ ենք քվեարկել Ազգային Ժողովում, կարգավորում է ոչ թե կազմակերպությունների անունները, այլ կարգավիճակները։
Այսուհետ մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «մարզային» և «տեղային» կարգավիճակներ, և սա անվանումների մասին չէ։
Ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել։ Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել։
Այսպես, օրինակ, այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային գրադարան» համապետական նշանակության գրադարան կամ «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն և այսպես շարունակ»,- գրել է Ղազարյանը։