Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի
2,5 միկրոնից փոքր չափի միկրոմասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը Բանգկոկում եռակի գերազանցել է անվտանգության շեմը, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդու առողջության համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Գեոինֆորմատիկայի և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Թաիլանդի մայրաքաղաքում վերջին մի քանի ժամում միկրոմասնիկներով աղտոտվածության մակարդակը հասել է 117 միկրոգրամ/խմ-ի, մինչդեռ իշխանությունների կողմից սահմանված անվտանգության շեմը կազմում է 37,5 միկրոգրամ/խմ։ Այս կապակցությամբ Բանգկոկի իշխանությունները խորհուրդ են տվել քաղաքի բնակիչներին և այցելուներին տնից դուրս գալիս դիմակ կրել, խուսափել բաց օդում երկարատև գտնվելուց, ինչպես նաև հետևել հնարավոր այնպիսի ախտանիշերի ի հայտ գալուն, ինչպիսիք են հազը և դժվարացած շնչառությունը:
Ինչպես հավաստիացել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, քաղաքի փողոցներում կարճատև մնալն առաջացնում է աչքերի գրգռում և կոկորդում քերծվածության զգացողություն։
Շրջակա միջավայրի աղտոտման վերահսկողության վարչության կանխատեսման համաձայն՝ բնապահպանական անբարենպաստ իրավիճակը Բանգկոկում և նրա շրջակայքում կպահպանվի մինչև հունվարի 25-ը։ Մեծ թվով այցելուներ ունեցող Թաիլանդի Փհուկետ և Կրաբի նահանգների առողջարաններում բարենպաստ բնապահպանական իրավիճակ է՝ 30 և 26 միկրոգրամ/խմ աղտոտվածության մակարդակով: Չոնբուրի նահանգում, որտեղ գտնվում է Պատայա քաղաքը, ընդհակառակը, օդը աղտոտված է մինչև 88,9 միկրոգրամ/խմ։
Թաիլանդում ձմռանը բնապահպանական իրադրությունը վատթարանում է անձրևների ու քամու բացակայության պատճառով։ Դրա հիմնական պատճառներից մեկն անտառային հրդեհներն են, գյուղատնտեսական հանդերի չոր բուսականության այրումը: