ՀՀ-ն մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը. Ալեն Սիմոնյան
Անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավորությունը այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում համախոհ երկրներին և ժողովուրդներին: Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում և այլուր լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է:
Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են»,- ասաց նա: