Թրամփն իր կյանքը փրկած անվտանգության աշխատակցին Գաղտնի ծառայության պետ է նշանակել
ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալ Շոն Քուրանը, ով իր ծառայությամբ աչքի էր ընկել 2024թ․ հուլիսին Թրամփի դեմ մահափորձի ժամանակ, նշանակվել է Գաղտնի ծառայության պետի պաշտոնում։ Այս մասին նախագահ Թրամփը գրել է Truth Social-ում։
«Նա ապացուցեց իր խիզախությունը, երբ վտանգի ենթարկելով սեփական կյանքը, օգնեց ինձ փրկվելու մարդասպանի գնդակից Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում: Վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունն ավելի ուժեղ կդարձնի, քան երբևէ»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բաթլերում՝ 2024 թվականի հուլիսի 13-ին, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում քարոզարշավի ժամանակ։ Թրամփի աջ ականջը վնասվել է, նրա երկու կողմնակիցները վիրավորվել են, մեկը՝ մահացել։ Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր, ում սպանել էին Գաղտնի ծառայության գործակալները։