Դա անթույլատրելի է․ Արծվիկ Մինասյան
«Հայաստան» դաշինքը համերաշխ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը միջպետական սահմանի հյուսիսային հատվածից շարունակելու մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնության հետ։
Այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանն, անդրադառնալով այդ գործընթացում հավանական ռիսկերին և վտանգներին, նշեց, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն համերաշխ չէ այդ որոշման հետ, այլև բազմիցս բարձրաձայնել է, որ դա անթույլատրելի է։
«Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն ամբողջական, համաչափ, բավարարեն միջազգային չափանիշներին։ Սա ոչ միայն անտրամաբանական է, այլև անբացատրելի է․ անգամ միջազգային փորձում նման վարքագիծ չկա»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը վերսկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: