ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է փոխել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով։ Այդ մասին Yerkir.am-ին ասել է Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը․
«Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանք ընտրվել է այն բանի համար, նախ՝ իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ, երկրորդը՝ ականատես վկան մատնացույց է արել Սուրեն Մանուկյանին՝ որպես հանցագործություն կատարողի և երրորդը՝ գործով տուժող Քոքոբելյանի տեսագրող սարքավորումներն իբրև ֆիքսել են, թե Սուրեն Մանուկյանը մասնակից է եղել Գրիշա Քոքոբելյանի առևանգմանը։ Հիմնական դատալսումներն ավարտված են, և այս ամբողջ հիմնական դատալսումների ընթացքում պարզվեց, որ Սուրեն Մանուկյանը չունի որևէ առարկա, որի վրա պետք է լինեն ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև՝ չկա տեսագրություն, որտեղ պետք է երևա, որ Սուրեն Մանուկյանը կատարել է իքս հանցագործությունը և երրորդը՝ չկա ականատես, որը պետք է ասի, որ Սուրեն Մանուկյանը կատարել է ենթադրյալ հանցագործությունը։
Սուրեն Մանուկյանը հայտնվեց պայմանական ազատության մեջ, նա օրինապահ անձ է։ Մենք ունենք նաև անմեղության կանխավարկած, և մարդու անմեղությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռ չկա»։
Դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Նրան մեղադրվում էին խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած՝ նա ազատազարկված էր։
Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին։