ՊԵԿ նախագահը Ջոն Գալագերին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։
ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՊԵԿ-ի տեսլականը, վարչարարության նպատակով կիրառվող գործիքակազմը և իրականացվող հիմնական բարեփոխումները՝ կարևորելով Մեծ Բրիտանիայի գործընկեր մարմինների հետ ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին, ինչպես նաև Համաշխարհային բանկի, այդ թվում՝ «Լավ կառավարման հիմնադրամի» գործընկերներին՝ շարունակական համագործակցության և Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման համար, որոնք էականորեն վերափոխել են Հայաստանում հարկային և մաքսային վարչարարությունը՝ նպաստելով գործընթացների արդիականացմանը, կառավարման բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։