Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի ընդլայնման ռազմավարական ծրագրերը
Այսօր Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան և իրանական Fathi Escalator ընկերության ներկայացուցիչներին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։
Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝
- շարժասանդուղքների փոխարինում,
- նոր վագոնների ձեռքբերում,
- դեպոյի վերակառուցում և արդիականացում,
- նորագույն տեխնոլոգիաների ներդրում,
- ենթակառուցվածքների վերազինում,
- սպասարկման որակի բարձրացում։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Fathi Escalator ընկերությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերին։
Նրանք ներկայացրել են իրենց ընկերության փորձն ու տեխնոլոգիական լուծումները՝ ընդգծելով համագործակցելու պատրաստակամությունը։
Իրանական կողմը նաև հետաքրքրված էր նոր կայարանների կառուցման ծրագրերով և այս ուղղությամբ համատեղ աշխատանքի հնարավորություններով։
Հյուրերը մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի ուղեկցությամբ շրջել են մետրոպոլիտենի կայարաներում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին։
Հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։