Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է․ Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարևոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետև կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ և հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են: Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որևէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարևորագույն դերակատար: Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաև, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության և ժողովրդի միջև Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է»,- գրել է նա: