ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունը։ Կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։
Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում: