Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվելու է մեկ միասնական հարթակ, որի շրջանակում ընդունվելու են ինչպես քաղաքացիության շնորհման, այնպես էլ դադարեցման դիմումները:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Կառավարության հեղինակած հաջորդ նախաձեռնությունը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Ըստ նրա` ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության արդյունքում բարելավվելու է մեր երկրի ներդրումային միջավայրը:
Մասնավորապես, կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ այլ ձևով իրացումը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն` արգելքներն ու սահմանափակումները խախտելու համար:
Նախաձեռնության համահեղինակ Ալխաս Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է և նախաձեռնությունը լրամշակվել է:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը և լրացումները ես քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ներկայացրել է Գևորգ Պապոյանը:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակն է նույնականացնել օրենսդրական դաշտը, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը: