Մարդասիրությունը համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում Ադրբեջանի վրա․ Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ ընթացող դատական ֆարսի կապակցությամբ գրել է․
«Մարդասիրությունը համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում Ադրբեջանի վրա:
470 օրից ավելի Արցախի մեր նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և մեր այլ հայրենակիցները պատանդ են, գերի են Բաքվում:
Մեզանից յուրաքանչյուրը, վստահ եմ, անասելի տագնապ ու ցավ է զգացել նույն անմարդկային իրավիճակում գտնվող` Ռուբեն Վարդանյանի ուղերձից հետո:
Մեկնարկող «դատավարությունը» իրավաբանություն չէ, դա ծաղր է մարդասիրական նվազագույն նորմերի և միջազգային ճանաչում ունեցող նորմերի նկատմամբ, բայց միջազգային հանրությունը լուռ է: Չի եղել համանման անմարդկային աստիճանի մեկ այլ իրավիճակ Եվրոպայի խորհրդի «անդամ» որևէ այլ երկրում, բայց ԵԽ-ն լուռ է։
Ժամանակին միջազգային հանրության կողմից ամենածանր մեղադրանքներով հետապնդված, նույնիսկ Աուգուստո Պինոչետի նկատմամբ արտասահմանում տնային կալանք էր ընտրվել, իսկ իր Հայրենիքը` Չիլին պահանջեց իր վերադարձը և ապահովեց այն:
Ողբերգական է, որ այս իրականության մեջ ենք, ողբերգական է միջազգային հանրության լռությունը, աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները: Համամարդկային արժեքները չեն կարող վերանալ, ուղղակի չեն կարող»: