Բայդենը ևս 2500 բանտարկյալի պատիժ մեղմացրել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը երեք օրից հեռանալու է պաշտոնից, հայտարարել է, որ մեղմացրել է թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված գրեթե 2500 մարդկանց պատիժը։ Բայդենը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արդեն ավելի շատ անհատական մեղմացումներ և ներումներ է շնորհել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։
Ըստ հայտարարության՝ հունվարի 17-ի մեղմացումներից օգտվում են այն անձինք, որոնք «անհամաչափ երկար պատիժներ են կրում՝ համեմատած այն պատիժների հետ, որոնք նրանք այսօր կստանային ներկայիս օրենքի, քաղաքականության և գործելակերպի համաձայն»։
2023 թ. դեկտեմբերին Բայդենը մեղմացրել էր դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժները՝ մահապատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։ Նա նաև ներում էր շնորհել ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 բանտարկյալների և մեղմացրել էր երկար ազատազրկման դատապարտված 1500 բանտարկյալների պատիժները։
Ջո Բայդենը նաև ներում է շնորհել իր որդի Հանթեր Բայդենին, որն իրեն մեղավոր էր ճանաչել հարկային խախտումների համար և դատապարտվել էր զենքի հետ կապված մեղադրանքներով։ Բայդենի այս քայլը մեծ քննադատության է արժանացել։
Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտին սովորաբար մի շարք ներումներ են շնորհում։
Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ կմեղմացնի իր աջակիցներից մի քանիսի պատիժները, որոնք 2021 թ. հունվարի 6-ին հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի 2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։