Տղայիս գերեզմանը մնացել է Արցախում, միակ հիշատակը զինվորական հագուստն է․ զոհվածի մայր
44-օրյա պատերազմի անդառնալի հետևանքները շարունակում են արդիական մնալ անգամ պատերազմից 4 տարի անց, կորուստներն առայսօր հիշեցնում են իրենց մասին, իսկ պատերազմում իրենց ամենաթանկը զոհածների կարոտն ու մորմոքը օրեցօր ահագնանում են։
Oragir.News-ը այցելեց 44-օրյա պատերազմում զոհված՝ «Կոռնետ» հակատանկային համալիրի օպերատոր, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից Արմեն Բաղդասարյանի ընտանիքին․ զրուցեց նրա մայրիկի՝ Էլիզա Բաղդասարյանի հետ, լսեց Արմենի՝ իր խոսքերով Արմենչիկի պատմությունը, որը պատերազմի սկսվելու հենց առաջին վայրկյանից ինքնակամ մեկնել էր մարտադաշտ՝ պաշտպանելու իր հայրենիքը և ընտանիքը։
Էլիզա Բաղդասարյանի խոսքով՝ ինքը փորձել է խոչընդոտել տղայի գնալը, սակայն հասկանալով նրա դաստիարակությունը, հայրենասիրությունը և զինվորականի ընտանիքից լինելու փաստը՝ ոչինչ չի կարողացել անել՝ բացի տղայի զինվորական հագուստը պատրաստելուց։
«Կռիվը նոր էր սկսվել, ասաց՝ մամ, դու ուժեղ կին ես, կդիմանաս, շորերս պատրաստիր, գալիս եմ հագնեմ, գնամ։ Պատերազմի ընթացքում փակ-փակ էինք խոսում իրար հետ։ Ասում էր՝ մամա, պապայի սիրուհիներին ու 2 աղջիկներին շարքից հանել եմ, պապան էլ քեզ չի դավաճանի։ Սիրուհին փոխաբերական իմաստով էր, դա վերաբերում էր տանկին, որը ամուսնուս սերն է, իսկ տղայիս սերը «Կոռնետն» էր, որով նա տանկերը խոցում էր»,- ասաց Արմեն Բաղդասարյանի մայրը։
Արմենը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 21-ամյա տղան 48 վայրկյանում արկի երկու կրակոցով թշնամու երեք տանկ է խոցել։
Էլիզա Բաղդասարյանը Oragir.News-ին պատմեց նաև Արցախում շրջափակման մեջ եղած 9 ծանր ամիսների, սիրելի որդու մարմինը հայրենի հողում թողնելու և այստեղ՝ ՀՀ-ում ընտանիքի հետ նոր հնարավորություններ ստեղծելու մասին, իր խոսքով՝ երբեք հույսը չկորցրած, որ մի օր կրկին վերադառնալու է՝ անմահացած զինվոր որդու գերեզմանին ծաղիկ խոնարհելու և իր՝ միգուցե արդեն թշնամու կողմից ավերակի վերածված տունը կրկին կառուցելու։
Մանրամասները՝ տեսանյութում։