Պակիստանի դատարանը նախկին վարչապետին դատապարտել է 14 տարվա ազատազրկման
Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է Reuters-ը։
Քաղաքական գործչի կինը՝ Բուշրա Բիբին, նույն մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ, սակայն դատարանի որոշումից հետո կալանավորվել է դատական նիստերի դահլիճում։
72-ամյա Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 2018-2022 թթ. որպես կաշառք հողատարածքներ ստանալու և Al-Qadir Trust բարեգործական հիմնադրամը կառավարելու ժամանակ ապօրինի եկամուտների օրինականացման համար. հիմնադրամն, ըստ մեղադրող կողմի պնդման, ծառայել է որպես քողարկում Իմրան Խանի և Բուշրա Բիբիի ապօրինի գործունեության համար։
Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը գլխավորել է 2018-2022 թվականներին։ Նա պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ խորհրդարանում նրան անվստահության քվե հայտնելուց հետո։ Քաղաքական գործիչը 2023 թվականից 14 տարվա բանտարկության պատիժ է կրում թանկարժեք իրերի պետական պահոցից օտարերկրյա նվերների վաճառքի վերաբերյալ դատավճռով: