«Բաքվում մեղադրյալի աթոռին ներկա է Արցախի ինքնորոշման իրավունքը». Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է հայտնել
Այսօրվա դատավարության հետ կապված բոլոր պատանդները կապված են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ, ադրբեջանական հարձակումը հանգեցրեց բռնի տեղահանումների, Արցախի պետականության կործանման, ինքնորոշման իրավունքի տապալման, որի հետևանքով նաև առևանգվեցին, գերեվարվեցին Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց թիվը ութն է, բայց նաև հարձակման մասնակից մարտական գործողություններում ներգրավված անձինք ևս գերեվարվեցին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Այսինքն, մեզ հայտնի ութ ղեկավարներից զատ Ադրբեջանում դատավարությունների մաս են կազմում նաև ութ հայեր, որոնք 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայտնվել են Ադրբեջանի ձեռքում: Դրանք զինվորականներ են, նաև կամավոր հիմունքներով բանակում ներգրավված անձինք, բայց մենք ունենք նաև Մադաթ Բաբայանին, որը քաղաքացիական անձ է, տարեց է և այդ գործողությունների հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բոլորը Արցախի Հանրապետության տարածքում են եղել գերեվարումների պահին»,-ասաց նա:
Նրա խոսքով, տարեց քաղաքացիական անձանց մեղադրանքները որպես կանոն ներառում են ցեղասպանության մեղադրանքներ, հենց տարիքի հայտանիշով պայմանավորված, բայց այս անձանց վերագրվում է նաև ահաբեկչական զինված խմբավորումներին մասնակցելը, քանի որ Ադրբեջանը փորձում է Արցախի պետականությունը ներկայացնել որպես զինված ահաբեկչական խմբավորում:
«Հիմնականում մեղադրանքները այդ տրամաբանությամբ են կառուցված, իհարկե հարակից մեղադրանքներ ևս ներկայացվում են, ինչպիսին, օրինակ ապօրինի սահման հատելն է»:
Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլեւ Արցախի մյուս ղեկավարների մեղադրանքները ծանր են եւ նրանց եւս կարող է սպառնալ ցմահ ազատազրկում. «Դրանք հիմնականում կապված են ահաբեկչության, բռնի տեղահանումների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, դարձյալ ապօրինի սահման հատելու, խոշտանգումների և այլ բնույթի արարքների կատարման հետ: Բայց կրկին կենտրոնականը ահաբեկչությունն է, զինված խմբավորումներ կազմակերպելը, ձևավորելը, ֆինանսավորելը և նաև այս խմբավորումների ներգրավվածությամբ որոշակի հանցագործություններ կատարելը։
Պատերազմական գործողությունները ամբողջ ծավալով որակվում են որպես ապօրինի զինված գործողություններ, որոնց հետևանքով խախտվել են մարդասիրական իրավունքի նորմերը և այս առնչությամբ որակումներ են տրվում պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համատեքստում»,-ասաց նա:
Խոսելով այսօր մեկնարկող դատավարությունների մասին, Սահակյանը նշեց, որ սա այդ դատավարությունների նախնական նիստն է, որտեղ առաջնահերթորեն քննարկվելու են դատավարական հարցեր, այդ թվում բացարկներ, դատավարության անցկացման բնույթը՝ հրապարակային կամ դռնփակ. «Մեր գնահատմամբ մեծ են շանսերը, որ Ադրբեջանը պետական գաղտնիքի նկատառումներից ելնելով փորձելու է դատավարությունները անցկացնել գաղտնի, դռնփակ ռեժիմով։ Իրական նպատակը այդ կեղծված ապացույցները միջազգային հանրության և լայն շրջանակներին չբացահայտելն է, միջազգային դիտորդների մուտքը արգելափակելն է և բացառապես Ադրբեջանին ձեռնտու տեղեկատվություն հրապարակային դարձրելն է քարոզչական նպատակներով»:
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ հայրենադարձված գերիներից ստացվել են տեղեկություններ, որ խոշտանգումների, կյանքի սպառնալիքների ներքո տվել են ցուցմունքներ, որոնք թելադրված են եղել Ադրբեջանի ուժային կառույցների կողմից. «Մեզ հայտնի է նաև արատավոր մեկ այլ պրակտիկա, երբ նշված անձինք հարկադրաբար ստորագրել են դատարկ թղթերի ներքո, իսկ հետագայում այդ թղթերի բովանդակությունը լրացվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Դրանք կազմվել են ադրբեջաներեն լեզվով և հայ ռազմագերիները հարկադրաբար ստորագրել են դրանց տակ՝ առանց ծանոթանալու բովանդակությանը և այլ ելք չեն ունեցել, քանի որ սպառնալիքները ուղղված են եղել հենց կյանքից զրկելուն։
Այս պրակտիկան ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին և հարկադրանքի ներքո ստացված որևէ ապացույց չունի ապացուցողական նշանակություն»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չէին տվել, որ միջազգային փաստաբաններ գրավվեն Ռուբեն Վարդանյանի գործով, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Ոչ միայն սահմանափակում են օտարերկրյա փաստաբանների ներգրավումը քրեական գործերով, այլ նաև թույլ չեն տալիս միջազգային փաստաբաններին տեսակցել Ադրբեջանում պահվող իրենց վստահորդների հետ և քննարկել գործեր, որոնք կապված են միջազգային ընթացող դատավարությունների հետ։ Այս առումով, այո, հրապարակային հաղորդագրություն տարածվեց պարոն Վարդանյանի միջազգային փաստաբանի կողմից, բայց կարող եմ նշել, որ այլ ռազմագերիների մասով նույնաբնույթ խնդիրներ առկա են։
Մեր վստահորդ Լյուդվիկ Մկրտչյանը ներկայացված է նաև ֆրանսիացի փաստաբանի կողմից և մենք հաստատում ենք, որ Լյուդվիկ Մկրտչյանը զրկված է եղել իր ֆրանսիացի փաստաբանի հետ զրույցներ ունենալու, տեսակցություններ ստանալու իրավունքից և Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է անկախ փաստաբանների գործունեությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։