Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում ԱՄՆ-ի մաս լինել
Գրենլանդիայի վարչապետն, արձագանքելով կղզին ձեռք բերելու՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձգումներին, հայտարարել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում լինել ամերիկացիներ կամ դանիացիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Fox News-ին տված հարցազրույցում Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մյութե Էգեդեն ասել է, որ Գրենլանդիան միշտ կլինի ՆԱՏՕ-ի անդամ և պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության։
«Մենք պարզապես ցանկանում ենք լինել գրենլանդացիներ։ Մենք միշտ կլինենք ՆԱՏՕ-ի մի մասը: Մենք միշտ կլինենք Միացյալ Նահանգների ուժեղ գործընկերը: Մենք մերձավոր հարևաններ ենք: Մենք համագործակցում ենք վերջին 80 տարվա ընթացքում։ Կարծում եմ, որ ապագայում մենք շատ բան ունենք առաջարկելու համագործակցության համար»,- ասել է Էգեդեն։
«Ուզում ենք մի բան հստակ ասել՝ մենք չենք ցանկանում լինել ամերիկացիներ։ Մենք չենք ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս, բայց ձգտում ենք սերտ համագործակցության Միացյալ Նահանգների հետ», - հավելել է նա:
Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ ինքնավար տարածքի իրավունքներով, 1979 թվականից ունի օրենսդրական իրավունք՝ հռչակելու անկախություն հանրաքվեի միջոցով։ ԱՄՆ-ն և Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներ են։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը ստորագրել են պայմանագիր Գրենլանդիայի պաշտպանության մասին։
Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն ստանձնել է պարտավորություն՝ պաշտպանել կղզին արտաքին ագրեսիայից և ստեղծել է այնտեղ Արկտիկայում խոշորագույն ավիաբազան։
Հունվարի 7-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Գրենլանդիան պետք է մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ։ Թրամփը նաև չի բացառել ռազմական ուժի կամ տնտեսական ճնշման կիրառումը՝ Գրենլանդիան ձեռք բերելու համար։
Դեռ իր առաջին նախագահական ժամկետում Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է գնել կղզին։ Այն ժամանակ ևս Գրենլանդիայի և Դանիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը։ Գրենլանդիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կղզին չի վաճառվում: