Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակցության առաջարկ է ներկայացրել
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն տարբեր ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը՝ մեջբերելով Կոբախիձեի հայտարարությունը Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում: Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Կոբախիձեն նաև նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում խաղաղությունն ու կայունությունն էլ ավելի կարևոր են դառնում տարածաշրջանի զարգացման և կայուն բարգավաճման համար։