Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն ու ոչ պատշաճ տեխնիկական ապրանքները․ ահազանգ
Ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանին եւ նրա մորը պատկանող «Սոֆոն» և «Սմարթվեյվ» ՍՊԸ-ները 2021-2024 թթ.-ին պետական տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքել են 99 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 125,5 մլն դրամ։ Այս ընկերությունները համայնքներին և պետական գերատեսչություններին մատակարարել են համակարգիչներ և համակարգչային սարքավորումներ, սկանավորման և բազմաֆունկցիոնալ տպիչ սարքեր։
«Սոֆոն» ՍՊԸ-ի տնօրենը Մարտիկ Մաթոսյանն է։ Նա Ախուրյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է, նաև՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահը։ 2021թ.-ին հիմնադրված «Սոֆոն» ՍՊԸ-ի 100% բաժնետերը նրա մայրն է՝ Կարինե Գաբրիելյանը։
Մարտիկ Մաթոսյանը «Սմարթվեյվ» ՍՊԸ-ի սեփականատերն է։ Այս ընկերությունը ևս ակտիվ է պետական գնումներում։ 2024 թվականին Ախուրյան համյանքը «Սմարթվեյվ» ՍՊԸ-ի հետ 2 պայմանագիր է կնքել՝ ընդհանուր 1 մլն 350 հազար դրամի։
Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ կայքում առկա տվյալների, զբաղվում է համակարգչային սարքավորումների մեծածախ առևտրով։ Սակայն ArmLur.am-ին ահազանգ է հնչել այն մասին, որ տեղեկություններ կան, թե մրցույթներից մեկով հաղթած ՔՊ-ականի հետ կապ ունեցող ընկերությունը այդքան էլ պատշաճ չի աշխատել եւ մատակարարել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք։