Հակադեպրեսանտներ, ինչի՞ց զգուշանալ
Մասնագետները, ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, եզրակացրել են, որ հակադեպրեսանտները, հատկապես նրանք, որոնք պատկանում են սերոտոնինի հետընտրական ինհիբիտորների դասին, կարող են զգալիորեն խաթարել տարեց հիվանդների քնի ռեժիմը և նպաստել նեյրոդեգեներացիայի վաղ նշաններին, որոնք ի վերջո կարող են հանգեցնել դեմենցիայի:
Բժիշկները հաճախ են դիտարկում հակադեպրեսանտների բազմաթիվ կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են քաշի ավելացման հավանականությունը կամ սեռական խնդիրները, սակայն քնի որակը սովորաբար դուրս էր մնում այս շրջանակից, փոխանցում է Aysor.am-ը։
Այնուամենայնիվ, հակադեպրեսանտները մեծացնում են քնի հետաձգումը տարեց հիվանդների մոտ, նվազեցնում քնի տևողությունը և քնի հետ կապված կարող են առաջացնել մի շարք վարքային խնդիրներ՝ ինչպիսիք են մղձավանջները:
Մասնագետները տարեցներին կոչ են անում զգույշ լինել նման միջոցներ օգտագործելիս և առաջարկում են որպես այլընտրանք օգտագործել հոգեթերապիա և համալիր խնամքի այլ մոտեցումներ:
Այս թեմայի շրջանակներում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ նման վարքային խանգարումները բնութագրվում են ուղեղի նորմալ գործունեությամբ, սակայն մարմինը մնում է անհանգիստ վիճակում և չի քնում։
Սա կարող է լինել նեյրոդեգեներացիայի վաղ նշաններից մեկը: Պետք է նաև հիշել, որ հակադեպրեսանտներ ընդունելու հետևանքով քնի հետ կապված փոփոխությունները կարող են հանգեցնել դյուրագրգռության, ինչն էլ իր հերթին՝ լրացուցիչ դեղամիջոցների նշանակման և, համապատասխանաբար, նոր կողմնակի ազդեցությունների առաջացման:
Ե՛վ եռացիկլիկ հակադեպրեսանտները, և՛ մոնոամին օքսիդազի ինհիբիտորները չափազանց շատ կողմնակի ազդեցություններ կարող են առաջացնել հատկապես տարեց հիվանդների մոտ, այնպես որ դրանք գործնականում չեն օգտագործվում ավելի մեծ տարիքային խմբերում:
Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 65 տարեկանից բարձր կանայք, ովքեր զգում են «ջերմային բռնկումներ» և էստրոգենի ցածր մակարդակի այլ հնարավոր կառավարելի ախտանիշներ, ավելի հավանական է, որ ունենան չափավոր կամ ծանր դեպրեսիա:
Իրենց հերթին, բենզոդիազեպինները, որոնք կարող են օգտագործվել հակադեպրեսանտներ ընդունելու ժամանակ գրգռվածությունը շտկելու համար, ուշադրության կորստի և վայր ընկնելու մեծ ռիսկ են առաջացնում և անընդունելի են տարեցների համար:
Ի լրումն տարեց հիվանդների մոտ նեյրոդեգեներատիվ խանգարումների նշանների և ախտանիշների զննման գործընթացի, բժիշկները պետք է մանրամասն հետաքրքրվեն նաև պացիենտի քնի որակով, որից հետո նոր նշանակեն համապատասխան միջոցներ ու հակադեպրեսանտներ։
Պետք է նաև հասկանալ, որ եթե ապագայում իսկապես հաստատվի հակադեպրեսանտների օգտագործման և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջև կապը, ամենևին էլ անհրաժեշտ չէ, որ դեղամիջոցներն այս դեպքերում պատճառական գործոնի դեր ունենան:
Այսպիսով, ներկայումս առկա տեղեկատվությունը ավելի շուտ հաստատում է նեյրոդեգեներատիվ խանգարումների և հոգեմետ դեղերի միջև կապի առկայությունը, սակայն դրանց միջև պատճառահետևանքային կապի օգտին վկայող շատ քիչ տվյալներ կան: