ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների
Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել է նմանօրինակ հանդիպումների շարունակականությունը՝ դպրոցականներին մասնագիտության ընտրության հարցում ճիշտ ուղղորդելու համար։
Գնդապետ Մանգասարյանը ներկայացրել է ռազմական ակադեմիայի կառուցվածքը, ընդունելության կարգը, ակադեմիայում ուսանելու առավելությունները, ուսումնամեթոդական լայն ու նորարարական մոտեցումները, կառավարության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնություններն ու սոցիալական երաշխիքները և ընթացիկ այն բարեփոխումները, որոնք միտված են ռազմական կրթությունն ավելի գրավիչ ու մրցունակ դարձնելուն։
Հյուրերը նաև շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, տեղում ծանոթացել կուրսանտների ուսումնական հագեցած առօրյային, մասնագիտական տարբեր ամբիոնների գործունեության առանձնահատկություններին, լսարանային ու կեցության պայմաններին, ակադեմիայի ուսումնատեխնիկական ժամանակակից հնարավորություններին: