Ավտոշարասյունով տեղաշարժվող և պահնորդական ծառայությունից օգտվող անձինք ոստիկանության տեսադաշտում են. ՆԳ նախարար
Տարբեր դրվագներով ոստիկանությունը կարող է ունենալ օպերատիվ տվյալներ, այդ թվում՝ զենք-զինամթերքի կամ թմրամիջոցի առկայության մասով, և այդ օպերատիվ տվյալը չիրացնել ուղղակի հնարավոր և օբյեկտիվ չէ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ավտորաշարասյուներով երթևեկելու դեպքերին:
«Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ավտոշարասյունով են պտտվում ՀՀ-ում, սրան ևս պիտի վերաբերմունք ցուցաբերվի: Այսինքն՝ ոչ թե խնդիրը ավտոշարասյունն է, այլ այն, որ եթե կա շարասյունով պտտվող նման անձ ՀՀ-ում (ընդ որում՝ կտրվելով բոլոր նախկին և ներկա պաշտոնատար անձանց անուն, ազգանուններից), այստեղ համակեցության կանոնների տրամաբանության մեջ պիտի մեզ հարց տանք՝ անձն ինչո՞ւ է ավտոշարասյունով պտտվում կամ ինչո՞ւ է պահնորդական ծառայություն ձեռք բերում, կամ ինչո՞ւ են մեքենայի մեջ թեկուզև զենք ունեցող մարդիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նաև կարող է նշանակել, որ տվյալ անձը ցանկանում է իր անվտանգային միջավայրը լավ տեսնել:
Այս համատեքստում նախարարը հայտարարեց. «Նմանատիպ ծառայություններից օգտվող կամ օրինական զենք ունեցող անձինք ոստիկանության տեսադաշտում են»։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարեց. «Ներկա իշխանության մյուս անդամները, որոնք ունեն համանման ձևաչափով տեղաշարժման պրոցես, օգտվում են ՊՊԾ-ի կողմից տրվող անվտանգությունից. դա իրավական է, լեգալ է և հատկացվում է կոնկրետ պաշտոնական անձին՝ հաշվի առնելով կոնկրետ օրենսդրական կարգավորումները»: