Սուրճի սարքավորումների տնտեսվարողները դեռ սպասում են ԱԺ-ի պատասխանին
Երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ ԱԺ շենքի բակում էին հավաքվել սուրճի սարքավորումներով զբաղվող տնտեսվարողները, որոնք նաև հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։
Տնտեսվարողները նախկինում իրենց սարքավորումների մեկ քառակուսի մետրի համար վճարել են 500 դրամ․ այսինքն եղել են սարքեր, որոնց համար վճարել են 7500-15․000 դրամ։
Այժմ կա որոշում, որ սարքավորումների համար կա ֆիքսված գին՝ 40․000 դրամ։
Իսկ ի՞նչ են պահանջում տնտեսվարողները։
Երեկ ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսվարողներից Արտաշես Ավանեսյանն ասաց․
«Ավագանու որոշում է եղել, որ սուրճի մետաղադրամով շահագործվող ապարատներ, բանկոմատներ, տերմինալներ և մի շարք այլ սարքավորումների սակագին է փոխվել, այսինքն՝ դարձել է 40․000 դրամ։ 1 քառակուսի մետրի համար օրվա գինը եղել է 500 դրամ։ Ըստ ապարատների զբաղեցրած մակերեսի միջինում գինը եղել է 7500 դրամ, ապարատ է եղել՝ 10․000-15․000 դրամ։ Հիմա փոխվել է և դարձել ֆիքսված 40․000 դրամ։ Մեր հարցն այն է, թե ինչ ստանդարտներով, չափորոշիչներով, ոլորտի ինչ ուսումնասիրությամբ է եղել, որ սակագինը որոշվել է ։ Քաղաքապետարանում հանդիպում ենք ունեցել առևտրի վարչության պետի հետ։ Հարցեր ու պատասխաններ են հնչել, որոնց մի մասը մեզ բավարարել, իսկ մյուս մասը չի բավարարել»։
ArmLur.am-ը, այսօր, կապ հաստատեց Արտաշես Ավանեսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ երեկ ԱԺ-ից պատասխան չեն ստացել։
«Պատասխան չի եղել, քննարկում է եղել, որի արդյունքում էլ ասացին, որ մի քանի օրվա ընթացքում կկապվեն մեզ հետ, հավանաբար քաղաքապետարանից։ Միգուցե հրավիրեն և նոր վերջնական որոշում կլինի»,- ասաց տնտեսվարողը։
Թե ինչ կլինի հաջորդիվ՝ սպասենք զարգացումներին։