Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը։
Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
ԱԳ նախարարությունը նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա ինչպես պաղեստինցի, այնպես էլ հրեա ժողովուրդների և տարածաշրջանի համար։
«Հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար»,- ընդգծված է գրառման մեջ:
ՀՀ ԱԳ նախարարությունը հրադադարի հաստատման հարցում նաև բարձր է գնահատել միջնորդ երկրների՝ Միացյալ Նահանգների, Կատարի և Եգիպտոսի ջանքերը։
«Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության տեքստում: