2024-ին գրանցված հանցագործությունները ՀՀ-ում նվազել են. ՆԳ նախարար
2024 թվականին գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս արդեն իսկ փաստելու, որ գրանցված հանցագործությունների թիվը ՀՀ-ում նվազել է 1,1 տոկոսով: Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք ոստիկանության, իրավական համակարգի և այլ կառույցների կողմից, որը թույլ է տվել գրանցված հանցագործությունների վիճակագրությունում ի վերջո ապահովել նվազում 1,1 տոկոսով: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ դա հետևողական աշխատանքի արդյունք է։
«Պիտի նկատենք, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում 81,4 տոկոսը բաժին է հասնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագորոծություններին. սա նշանակում է, որ երկիրը առավելագույնս անվտանգ է»,- ասաց նախարարը:
Տարբեր դրվագներով արձանագրվել է, որ հանցանքի կատարման ավանդական ձևերն են տրանսֆորմացվել, օգտագործվում են նաև համացանցային կամ ՏՏ ոլորտի նվաճումները։
«Այս առումով խնդիր ունենք, մի կողմից, ուժեղացնելու գործիքակազմը ոստիկանության աշխատանքի, մյուս կողմից՝ վարքագծային փոփոխություններ բերելու նաև հանրության շրջանում, որովհետև սա միակողմանի աշխատանք լինել չի կարող»,- ասաց նախարարը: