Թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ է կրել․ քաղաքապետ
Լոս Անջելեսում հրդեհների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության, հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:
«Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք: Ինչպես միշտ՝ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,–ասել է քաղաքապետը:
Նա նշել է, որ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ են կրել: Արտակարգ դրության հայտարարման սկզբից ի վեր արձանագրել են 709 միջադեպ և 3431 արտակարգ զանգ:
«Մեր բնակիչներին, բիզնեսների սեփականատերերին և քաղաքային անձնակազմին՝ ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական են: Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք մեր Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,–նշել է Ասատրյանը: