Երևանում մի խումբ անձինք հարաբերությունները պարզել են քարերի, ռետինե ու փայտե մահակների միջոցով․ վիրավորներ կան
Հունվարի 14-ին մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Խաչատրյանը՝ «պոլիտրավմա, կոմա» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Գասպարյանը՝ «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ։
Հիվանդանոց են մեկնել իրավապահները:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Տեղեկություններ են ստացվել, որ նրանք հիվանդանոց են տեղափոխել Ջրվեժ թաղամասում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցային համալիրի դիմացից։ Քրեական ոստիկանները այնուհետև պարզել են, որ ժամը 04:20-ի սահմաններում նշված հյուրանոցի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել մի շարք անձանց միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել իրար քարերով, փայտե ու ռետինե մահակներով։
Մասնակիցներից մեկն էլ, ըստ ստացված տեղեկությունների, ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ ավտոմեքենայի, հետո այդ վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով նշված անձին տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, ինչպես նաև նշված ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ։