ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որը Թրամփին թույլ կտա գնել Գրենլանդիան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում ԱՄՆ նախագահին իրավունք կտա բանակցություններ վարել Դանիայի հետ Գրենլանդիայի գնման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը:
Օրինագիծն ԱՄՆ ղեկավարին լիազորություն կտա «ձգտել բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ՝ ապահովելու Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների կողմից», ասված է քննարկման ներկայացված փաստաթղթի նախագծում, որը պատրաստել է հանրապետական կոնգրեսական Էնդի Օգլսը տասը համահեղինակների հետ։
Լրատվական հարթակն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սա հանրապետականների կողմից առաջարկված հերթական օրինագիծն է՝ «կոչված իրականացնելու Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան էքսպանսիոնիզմի նոր դարաշրջանի տեսլականը»:
Անցյալ շաբաթ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը ներկայացրել է օրինագիծ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանավանելու մասին, իսկ կոնգրեսական Դաստի Ջոնսոնը ներկայացրել է օրինագիծ՝ նախագահին Պանամայի ջրանցքի գնման շուրջ բանակցություններ վարելու լիազորություններով օժտելու մասին:
Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները դեմ են այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, Դանիայի կառավարությունն անձնական ուղերձ է հղել Թրամփի թիմին՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման հարցը Գրենլանդիայում։
Ավելի վաղ Թրամփը ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա, նրա կարծիքով, կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Ընդ որում, նա չի բացառել, որ այդ նպատակին հասնելու համար կարող է դիմել ռազմական ուժի կիրառման: