Օտտավան չի բացառում ցանկացած արձագանք Վաշինգտոնին՝ կանադական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու դեպքում
Կանադայի իշխանությունները չեն բացառում ցանկացած պատասխան քայլ, եթե Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա, ինչը խոստացել էր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, CTV-ին ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։ 1lurer-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Globe and Mail-ը։
«Ցանկացած տարբերակ օրակարգում է»,- պատասխանել է նախարարը այն հարցին, թե արդյոք Կանադան պատրա՞ստ է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը ԱՄՆ։
Չորեքշաբթի Ժոլին պետք է բանակցություններ վարի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Կանադայի նահանգների կառավարությունների ղեկավարների հետ՝ ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի դեպքում Կանադայի քաղաքականության վերաբերյալ: Արտգործնախարարն այնուհետ կմեկնի Վաշինգտոն՝ բանակցելու Թրամփի թիմի անդամների և կոնգրեսականների հետ: Պարբերականը նշում է, որ Թրյուդոյի մոտալուտ հրաժարականի հետ կապված՝ նահանգների վարչապետներն այժմ ավելի նշանակալի դեր են խաղում Կանադայի պատասխան միջոցների մշակման գործում։