Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հունվարի 15-ից մրցաշրջանի նախապատրաստական առաջին ուսումնամարզական հավաքը կսկսեն Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքին շուրջ 35 ըմբիշներ կմասնակցեն: Շեշտը դրվելու է ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելուն: Համատեղ ուսումնամարզական հավաքին կմասնակցեն նաև երիտասարդական հավաքականի ըմբիշները, ինչպես նաև Լեհաստանի ու Սլովակիայի ընտրանիները:
Մարզաձևի տարբեր դպրոցների ներկայացուցիչների համատեղ պարապմունքները կխթանեն ըմբիշների մրցափորձի հարստացմանը:
Երկշաբաթյա աշխատանքից հետո թիմը կժամանի Երևան և հավաքը կշարունակվի Օլիմպավանում: Ընթացքում խմբեր կգործուղվեն միջազգային մրցաշարերի:
Մարտի առաջին օրերին հավանաբար կանցկացվեն ստուգողական գոտեմարտեր և աչքի ընկածներով կկազմվի գլխավոր թիմը, որը կմասնակցի Սլովակիայում ապրիլի 7-12-ը նախատեսված Եվրոպայի առաջնությանը: