Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամների հետ
Հայաստանը կարևորում է բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձևաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարևորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:
Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարևորությունը:
Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին: