ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը ռազմավարական տարածաշրջանին և Երևանի ու Բաքվի հետ գործընկերային հարաբերություններին։
«Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,-նշված է Մագդալենա Գրոնոյի գրառման մեջ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառման մեջ նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։
«Շեշտվել է Եվրոպական միության պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը կարգավորմանն՝ իր բոլոր բաղադրիչներով, ներառյալ՝ աջակցություն Հայաստան-Ադրբեջան շարունակվող երկկողմ բանակցություններին, ուշադրություն կենտրոնացնելու կապի կոնկրետ բաղադրիչների և հումանիտար խնդիրների վրա, խթանելու տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Վերջինս նաև հայտնել է, որ երկու երկրների մայրաքաղաքներում ղեկավարությունների և պաշտոնյաների հետ տեղի է ունեցել մտքերի խորը փոխանակում, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։
Մագդալենա Գրոնոն նաև հավելել է, որ կազմակերպության կողմից բարձր են գնահատվում նաև տեղական քաղաքացիական հասարակությունների հետ մտքերի փոխանակումները: