Հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ)
Հանցագործությունների դեմ Գեղարքունիքի պարեկների ամենօրյա պայքարի արդյունք են նաև թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։
Մեկ այլ դեպքում ջրային պարեկները նույն ճանապարհին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա վարորդին և երկու ուղևորին։ Բաժնում 23 և 25 տարեկան ուղևորները պարեկներին են ներկայացրել մարիխուանայով 2 փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նրանք հայտնել են, որ թմրանյութը գնել են «Տելեգրամի» միջոցով։
Հաջորդ դեպքն արձանագրվել է Գավառ քաղաքում: Գրիգոր Լուսավորչի փողոցում 24-ամյա երիտասարդի իրավախախտումն արձանագրելուց հետո պարեկները բանավոր պահանջել են ներկայացնել պահվող չթույլատրված իրեր և առարկաներ։ Երիտասարդը ներկայացրել է մարիխուանայով կաթուցիչ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։